BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Մի՛ դատեք, որ չդատվեք»

«Մի՛ դատեք, որ չդատվեք»
23.07.2023 | 17:11

Վանքերից մեկում մի անփույթ վանական էր ապրում: Նա հաճախ էր ծառայությունից ուշանում՝ վշտացնելով եղբայրներին ու վանահորը: Վանականները դժգոհում էին ու նույնիսկ խնդրել էին վանահորը, որպեսզի վանքից վռնդի նրան:

Եվ ահա՛ հիվանդացավ այդ վանականն ու մահվան մահճում հայտնվեց: Վշտացան եղբայրները, որ կործանվելու էր խեղճի հոգին: Հավաքվեցին նրա մահճի շուրջ, որպեսզի իրենց աղոթքներով թեթևացնեն նրա տառապանքը մահվանից առաջ, բայց ի՞նչ տեսնեն: Այդ վանականն արդարի մահով էր մահանում: Նրա դեմքը խաղաղություն և ուրախություն էր արտահայտում:

Երբ նրա գիտակցությունը մի փոքր տեղը եկավ, եղբայրները հարցրին.

- Ի՞նչ մխիթարություն ստացար Աստծուց: ՈՒ՞մ հետ խոսեցիր:

Մեռնողն իր վերջին ուժերը լարեց ու պատասխանեց.

- Եղբայրնե՛ր, գիտեք, որ ես անարժանորեն էի ապրում և ահա՛ տեսա, թե դևերն ինչպես շրջապատեցին իմ մահիճը: Նրանց ձեռքին մի ձեռագիր կար, որի վրա վերից-վար իմ մեղքերն էին գրված: Նրանք մոտեցան ինձ, իսկ իմ պահապան հրեշտակը հեռվում կանգնած լալիս էր: Եվ հանկարծ երկնքից մի ձայն լսեցի, որ ասում էր. «Մի՛ դատեք, որ չդատվեք: Այս վանականը ոչ ոքի չի դատել և Ես ներում եմ նրան»: Նույն վայրկյանին դևերի ձեռքի թուղթն այրվեց ու նրանք բղավոցներով չքվեցին: Եղբայրնե՛ր, վանական դառնալուց ի վեր ես ոչ ոքի չեմ դատել: Դուք մեղադրում էիք ինձ և իրավացիորեն էիք մեղադրում, իսկ ես, մեղավորս, ոչ ոքի չեմ դատել:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ